Վրաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների երկրորդ ամենասիրված ուղղությունը՝ զիջելով միայն Թուրքիային, գրում է Netgazeti-ին՝ հենվելով ռուսական TASS լրատվական գործակալությանը:
Ռուսաստանի հյուրընկալության արդյունաբերության ազգային միության (OSIG) նախագահ Ալեքսեյ Վոլկովը նշել է՝ Վրաստանում ռուս զբոսաշրջիկներին գրավում է խոհանոցը, լեռները և ծովափը։
Նրա խոսքով, Վրաստանը դեռ չի կարող զբաղեցնել Թուրքիայի տեղը, քանի որ Թուրքիան այլ մակարդակ ու որակ ունի ռուս զբոսաշրջիկների համար:
Ի դեպ, մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։
Նշենք նաև, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։