Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) հայտարարություն է տարածել և այսօր՝ մայիսի 23-ի ժամը 17:00-ին «Ջավախեթիի տարածաշրջանի գերիշխող հայացքները և ձայները ներքևից» խորագրով հանրային քննարկման է հրավիրում:
Ըստ SJC-ի հայտարարության՝ հանդիպումը կանցկացվի Ախալքալաքի Վահան Տերյանի 25 հասցեում գտնվող «Ախալքալաքի երիտասարդական կենտրոն»-ում։
Տեղեկության համաձայն, հանդիպման նպատակն է քննադատորեն ըմբռնել Ջավախեթիի հետ կապված նորագույն պատմության մեջ գերակշռող դիսկուրսներն ու քաղաքականությունը և քննարկել վերջին տարիներին տեղում սկսված սոցիալական փոփոխությունները։
«Կենտրոնի տեսակետը Ջավախեթիի տարածաշրջանի վերաբերյալ խնդրահարույց է, վերջինս մեծապես հիմնված է անվտանգության և աշխարհաքաղաքական գաղափարների վրա։ Այս ընկալումները հաճախ ձևավորվում են առանց պատշաճ երկխոսության համայնքային խմբերի հետ և առանց տարածաշրջանի իրականությունը հասկանալու: Հաճախ հենց այս գաղափարներով է հիմնավորվում այս տարածաշրջանին մեկուսացնելու և չափից ավելի վերահսկողություն պահպանելու անհրաժեշտությունը:
Կենտրոնում գտնվող քաղաքական և քաղաքացիական խմբերը բավարար չափով հետաքրքրված չեն տարածաշրջանում առկա իրական մարտահրավերներով, որոնք կապված են գործազրկության, մեծ չափերի հասնող միգրացիայի, հետամնաց սոցիալական ենթակառուցվածքների, կրթության սահմանափակ հասանելիության, հողերի անարդար բաշխման և օգոստոսյան պատերազմից հետո ավելի քան տասը հազար տեղաբնակների խնդրով, որոնք կորցրել են քաղաքացիությունը և շարունակում են մնալ առանց քաղաքացիության։ Այս պայմաններում քաղաքական օրակարգում գրեթե չի քննարկվում այս տարածաշրջանի խնդիրների լուծման ուղիների հարցը»,- նշված է հայտարարության մեջ:
SJC-ն նշում է՝ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ակտիվ երիտասարդական խմբերն արձագանքում և բանակցում այս գերիշխող պատկերացումների հետ, և ինչ ուղիներ են նրանք հետապնդում ինքնակազմակերպման և սոցիալական փոփոխությունների համար: Քննարկման շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի այդ ուղիներին։
«Հանրային քննարկման շրջանակներում այս հարցերի վերաբերյալ զեկույցներ կներկայացնեն հետազոտողներ Քեթևան Էփաձեն, Անա Տիվաձեն, Ալիս Բաքրաձեն և տեղի բնակիչ Տիգրան Թարզյանը։ Նրանց զեկույցները հիմնված կլինեն իրենց վերջին հետազոտությունների վրա։
Հանդիպումը հնարավոր է դարձել «Աջակցություն Վրաստանում հավասարության, համերաշխության և սոցիալական խաղաղության» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սոցիալական արդարության կենտրոնը՝ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: