Թբիլիսիի նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայկական գրությամբ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թբիլիսիի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանատան տապանաքարերն են, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը:
Չիդիլյանն ընդգծեց` այդ ժամանակաշրջանում Թբիլիսիում ոչնչացվել են տասնյակ եկեղեցիներ, ավերվել են գերեզմանատներ` ինչպես հայկական, այնպես էլ՝ վրացական, ռուսական և այլն: Ըստ Չիդիլյանի` դրանց թվում զոհ է գնացել նաև հայկական ամենամեծ գերեզմանատունը՝ «Խոջիվանքը», որը գտնվում էր այսօրվա Սամեբա եկեղեցու տարածքում` Ավլաբարում:
««Խոջիվանք»-ը քանդելուց հետո կոմունիստներն այդ տապանաքարերն օգտագործել են որպես շինանյութ. միայն այս գերեզմատանը 90 հազար տապանաքար է եղել:
Արդեն պատրաստի, տաշած տապանաքարերը կոմունիստներն օգտագործել են Թբիլիսիի գլխավոր պլանով (այսօրվա՝ Թամար թագուհու կամրջից մինչև Օրթաճալայի ՀԷԿ ընկած տարածքում) նախատեսված գրեթե բոլոր շինությունների մեջ. այստեղ օգտագործված է ինչպես «Խոջիվանք»-ի, այնպես էլ՝ վրացական «Վերա» գերեզմանատան, այլ եկեղեցիների տապանաքարեր»,- ասաց Չիդիլյանը:
Ըստ Չիդիլյանի՝ քանի դեռ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, հնարավոր է, որ կրկին տապանաքարեր հայտնաբերվեն: Հասարակական գործիչը վստահեցնում է՝ տապանաքարերն արդեն առանձնացվել են և հետագայում կհանձնվեն Թբիլիսիում հայկական ենթակառույցներին:
Ի դեպ, ապրիլին՝ Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում, հողային աշխատանքերի ընթացքում հայտնաբերվել էին առանց գրությունների բազալտե տապանաքարեր։
Լուսանկարները՝ Լևոն Չիդիլյանի