Վրաստանի եվրաինտեգրումը շատ կարևոր է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես՝ այստեղ ապրող էթնիկ հայերի համար, քանի որ սա հնարավորություն է՝ Վրաստանը դարձնելու ավելի ժողովրդավարական, փոքրամասնությունների իրավունքները` ավելի պաշտպանված, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը:
Ըստ Թումասյանի՝ եվրաինտեգրումը հնարավորություն կտա էթնիկ փոքրամասնություններին ավելի լավ ներգրավվելու Վրաստանի հանրային կյանքին, ավելի ապահովված և անվտանգ ապրելու: Թումասյանը նշեց՝ եվրաինտեգրումը Վրաստանում ապրող էթնիկ հայերին կօգնի ավելի լավ Վրաստանում ապրել, ավելի շատ հնարավորություններ ունենալ:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահը նկատեց՝ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը ոչ միայն բավարար չեն եվրաինտեգրման գործընթացի համար, այլև՝ ԵՄ կառույցների մեծ մասն է փաստում, որ կառավարության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Գործակալների մասին օրենքը», Ռուսաստանի հետ ուղիղ չվերթեր սկսելը, ինչպես նաև մեդիադաշտի ազատության անկումը, ժողովրդավարական հետընթացը, հակառակ ազդեցություն են թողմում եվրաինտեգրման գործընթացի վրա:
«Հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվել, որ իշխանությունները վերոնշյալ գործողություններն անում են հենց եվրաինտեգրումը սաբոտաժի ենթարկելու համար»,- ասաց Թումասյանը:
Նրա խոսքով, ԵՄ 12 հանձնարարականների կատարումը շատ կարևոր է, քանի որ այնտեղ ներառված են մեդիաազատությունը, դատական համակարգի ազատությունը, որոնք կարևոր են ժողովրդավարացման համար, սակայն ժողովրդավարությունը վերջին տարիներին հետընթաց է ապրել:
Ըստ նրա՝ դատական համակարգի «կլանային կառավարման» պատճառով Վրաստանի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ հայերը, ճնշվում են:
«12 հանձնարարականների կատարումը շատ ճիշտ քայլ կլիներ եվրաինտեգրման առումով: Սակայն պետք է հասկանալ, որ խնդիրը չի սահմանվափակվում միայն 12 հանձնարարականներով, այլ պահանջներ ևս պետք է առաջ քաշվեն:
Վրաստանի հայությունը շատ լավ հասկանում է, որ Վրաստանի ԵՄ լիիրավ անդամ դառնալը հնարավորություն կդառնա նաև Հայատսանի համար, որպեսզի Հայաստանը Վրաստանի միջոցով նույնպես միանա ԵՄ-ին և արևմտյան քաղաքակրթությանը, քանի որ դրանով Հայաստանը ևս կդառնա ավելի ժողովրդավարական, զարգացած և հարուստ պետություն»,- եզրափակեց Թումասյանը:
Ի դեպ, Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։
«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպություն պատրաստել է գնահատման փաստաթուղթ՝ կարգավիճակի չափիչ (ստատուսմետր), որն արտացոլում է մինչ 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վրացական իշխանությունների այս ուղղությամբ ձեռք բերած առաջընթացը, ներկա իրավիճակը և ապագայի համար որոշած քայլերը։