Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հույս է հայտնել, որ Մոսկվա-Թբիլիսի հաղորդակցությամբ կվերականգնվեն նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները։
Նրա գնահատմամբ՝ դա երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա լիարժեք հյուպատոսական ծառայություններ ստանալ։
«Մենք կարծում ենք, որ թռիչքների վերսկսումից հետո հաջորդ քայլը կլինի Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, դեսպանների փոխանակումը»,- ասել է Գավրիլովը։
Ըստ Գավրիլովի՝ նման քայլի հավանականության մասին է վկայում Ուկրաինայի հարցում Վրաստանի զուսպ դիրքորոշումը և ժողովրդավարական սկզբունքների պահպանումը.
«Մեր ժողովուրդների միջև սերտ կապ կա, մենք ունենք ընդհանուր հոգևոր ու բարոյական արժեքներ, մշակույթ»:
Ի դեպ, հենց Գավրիլովի հետ կապված իրադարձություններից հետո էր Ռուսաստանը 2019-ին արգելել ուղիղ չվերթերը դեպի Վրաստան։ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը՝ Թբիլիսիում առաջացնելով հազարավոր քաղաքացիների զայրույթը։
Նշենք նաև՝ Վրաստանը դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ խզել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։
2012 թվականի փետրվարին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ՝ Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին անսպասելիորեն չեղարկեց երկու երկրների միջև ավիահորդակցության արգելքը և վիզային ռեժիմը։