Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ դպրոցներում այսօր՝ մայիսի 19-ին, հնչել է վերջին զանգը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
«Սիրելի 12-րդ դասարանցիներ, շնորհավորում եմ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ձեր ստացած գիտելիքն օգտագործեք ինչպես անձնական նպատակների, այնպես էլ՝ հայրենիքի համար։ Ցանկանում եմ, որ ընդունվեք մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ամրապնդելու ձեր գիտելիքը։ Եղեք արժանապատիվ, հարգալից, ստեղծագործ և հայրենասեր», — իր ուղերձում ընդգծել է քաղաքապետը։
Մոսոյանը շեշտել է՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդները յուրահատուկ են, արժանապատվորեն են պատասխանում բոլոր մարտահրավերներին։ Նա համոզմունք է հայտնել, որ այս տարի ևս ազգային միասնական քննություններում ստացած բարձր արդյունքներով շրջանավարտները հպարտանալու առիթ են տալու։
«Այսօրվանից ավելի շատ իրավունք և պարտականություններ ունեք ինչպես ձեր ապագայի, այնպես էլ երկրի առաջ, ինքնուրույն քայլեր պիտի կատարեք կյանքի ճանապարհին, մաղթում եմ հաջողություն․․․», — հավելել է նա։