Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, թե կառավարությունը դեռևս հավանություն չի տվել մայիսի 31-ին Բրյուսել իր այցին։
Կոբախիձեն նշել է՝ դա իշխանության բացառիկ իրավունքն է, և եթե, օրինակ, իշխանությունը համարի, որ նախագահի այցը չի նպաստի թեկնածուի կարգավիճակ ստանալուն, այդ դեպքում իշխանությունն ունի սահմանադրությամբ տրված լիակատար իրավունք` չտալ նախագահի այցի համաձայնություն:
Լրագրողի հարցին՝ իշխանությունը վախենում է նախագահի Բրյուսել այցի՞ց, Կոբախիձեն պատասխանել է.
«Մենք մտավախություն ունենք, որ նախագահի այցը և նրա հայտարարությունները կվնասեն թեկնածուի կարգավիճակ ստանալու մեր ձգտմանը: Դուք լսել եք նախագահի հայտարարությունները խորհրդարանում իր զեկույցի ժամանակ, և կհամաձայնեք, որ այդ հայտարարություններն ուղղակիորեն հակասում են թեկնածություն ձեռք բերելու Վրաստանի ցանկությանը, ավելի լավ է` նախագահը լայն ասպարեզ չունենա»:
Ի դեպ, նախագահի վարչակազմը մայիսի 17-ին հայտարարեց, որ նախագահը չի ստացել կառավարության հավանությունը ապրիլի 27-ին Բրյուսել այցի վերաբերյալ ուղարկված դիմումին:
Նախագահականի հաղորդմամբ, Եվրախորհրդարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Զուրաբիշվիլին մայիսի 31-ին Բրյուսելում ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Ապրիլի 27-ին Վրաստանի նախագահը պաշտոնական նամակ է ստացել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայից այս հարցի վերաբերյալ։
Ընդգծենք՝ Զուրաբիշվիլին պատրաստվում էր ելույթ ունենալ Եվրախորհրդարանում ապրիլի 18-ին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ելույթը հետաձգվել է։ Որպես դրա պատճառ նախագահը նշել է կառավարությունից հավանություն ստանալու գործընթացի արհեստական ձգձգումը։