Վրաստանում մեդիամիջավայրը տարեցտարի վատանում է․ «TI-Վրաստան»-ի տնօրեն

«Transparency international-Վրաստան» միջազգային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով՝ Վրաստանում մեդիամիջավայրը տարեցտարի վատանում է։

«Լրատվամիջոցները և ժողովրդավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային մեդիաֆորումի ժամանակ ՀԿ-ի տնօրենն ասել է, որ չպետք է լինեն լրատվամիջոցների վրա բանավոր և ֆիզիկական հարձակումներ, ինչպես նաև նրանց գործունեությանը միջամտելու փորձեր։

«Մեր կազմակերպության դիրքորոշումն այն է, որ Վրաստանում մեդիամիջավայրը տարեցտարի վատանում է, առանձնապես ծանր վիճակում են գտնվում հետաքննական դաշտում աշխատող լրագրողները, նրանք ամենօրյա հարձակումների թիրախ են դառնում, կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում նրանց դեմ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք դատարանում բողոքում են կոնկրետ լրագրողների դեմ։

Այս իրավիճակում արժե հիշել Նիկա Գվարամիային։ Նա բացարձակապես առանց պատճառի բանտում է»,- ասել է Գիգաուրին։

Նշենք, որ կազմակերպությունը միջազգային մեդիաֆորում է անցկացրել «Մեդիան և ժողովրդավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով։ Ֆորումը քննարկել է կոռուպցիայի և հետաքննական լրագրության մարտահրավերները, «Գլխավոր ալիքի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ազատազրկումը, լրատվական միջավայրի վատթարացումը: