Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն արձագանքել է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և վիզային ռեժիմը հանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։ Այս համատեքստում դեսպանը հարց է տալիս՝ ինչի՞ համար է դա անում Պուտինը, և ի՞նչ է վճարելու Վրաստանը դրա դիմաց։
«Մի երկիր, որի տարածքի 20 տոկոսն օկուպացրել է Ռուսաստանը, որը մշտապես ճնշման տակ է, պետք է շատ զգուշանա հարաբերությունները կարգավորելու Ռուսաստանի փորձերից։
Կարծում եմ, որ կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ հիմա: Ինչո՞ւ է Պուտինը նման զիջումներ ու առաջարկներ անում։ Որքա՞ն կարժենան ուղիղ չվերթերը, ի՞նչ պետք է վճարի Վրաստանը վիզային ռեժիմը հանելու դիմաց։ Բոլորս էլ լավ գիտենք, որ Պուտինը միշտ փորձում է երկրներից որոշակի վճար ստանալ իր գործողությունների դիմաց»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Քելի Դեգնանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին փաստաթուղթ է ստորագրել, որով չեղարկվում է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության արգելքը, որը գործում էր 2019 թվականի ամառվանից։ Պուտինի այս որոշումն ուժի մեջ է մտել ստորագրումից անմիջապես հետո՝ մայիսի 10-ին։