Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է մայիսի 17-ին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության քվեարկությանն ընդդիմադիր մի քանի պատգամավորների մասնակցությանը։
«Ցանկացած համագործակցություն բացահայտ օկուպացիոն ռեժիմի հետ` խորհրդարանում կամ դրանից դուրս, հակազգային արարք է»,- ասել է Սաակաշվիլին:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանը Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների համար հատկացված 5 թափուր տեղերից 3-ում ընտրել է Տրիստան Բենաշվիլիին, Գիորգի Գզոբավային և Զուրաբ Գուրասպաշվիլիին։ Քվեարկությունը կայացել է մայիսի 17-ին, 29 թեկնածուներից միայն այս երեքն են կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։
Թեկնածու ընտրելու համար պահանջվում էր առնվազն 90 պատգամավորի աջակցություն։ Իշխող կուսակցությունն ու մեծամասնություն ունեցող «Ժողովրդի ուժը» միասին ունեին ընդամենը 84 ձայն, ինչը նշանակում է, որ ընտրված երեք թեկնածուներին պաշտպանել են նաև ընդդիմության ներկայացուցիչները։
Քվեարկության գործընթացը մի քանի րոպեով ընդհատվել է. ընդդիմության մի մասը՝ ի նշան բողոքի, լքել է նիստը՝ տեսնելով, որ ընտրված թեկնածուներն ունեն իրենց գործընկերների աջակցությունը։
Ընդդիմադիր «Լելո»-ից պատգամավոր Անա Նացվլիշվիլին ասել է, որ իշխող «Վրացական երազանքը» «գնել է» ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին։