«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը երկրի գլխավոր դատախազություն է դիմել՝ քրեական գործ հարուցել սոցիալական ցանցերում վիրահայերի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ։
Սոցիալական ցանցերում հայատյաց բովանդակությամբ տեսանյութի հեղինակը՝ քաղաքական գործիչ Լաշա Արսենիձեն, մեկուկես րոպե տևողությամբ տեսանյութում ամենահետին խոսքերով հայհոյում և միաժամանակ սպառնում է ազգությամբ հայերին։
Դիմումում նշվում է, որ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները հիմնավոր և իրական մտավախություն ունեն, որ Արսենիձեն կարող է վնասել իրենցից յուրաքանչյուրին հայ լինելու պատճառով։ ՀԿ-ն ընդգծում է նաև, որ Լաշա Արսենիձեի տեսաուղերձը հասարակության որոշ շրջանակներում հավանության է արժանացել, ինչը վտանգավոր է, երկրում բորբոքում է ազգային թշնամանք։
«2023 թվականի մայիսի 16-ին Լաշա Արսենիձեն կանչվել է Թբիլիսիի ոստիկանության բաժին, հարուցվել է վարչական վարույթ մանր խուլիգանության փաստով։
Մենք չենք կիսում վարչական վարույթ սկսելու նպատակահարմարությունը և գտնում ենք, որ իրավական որակումը չի համապատասխանում Լաշա Արսենիձեի արարքին։ Նրա կողմից կատարվածը պարունակում է քրեական հանցագործության նշաններ, այն է՝ սպառնալիքի և ազգային թշնամանքի հրահրում։ Ըստ այդմ, կարծում ենք, որ այս հարցով պետք է քրեական գործ հարուցվի, և իրավապահ մարմինները պետք է լիարժեք քննություն իրականացնեն», — կոչ է անում ՀԿ-ն դատախազությանն ուղղված դիմում, որը հրապարակայնացրել է։
Կազմակերպությունը պահանջում է, որ մեղավորները պատժվեն Վրաստանի օրենսդրության ողջ խստությամբ՝ ապագայում նման վարքագծի բացառման համար։
Ի դեպ, սոցիալական ցանցերում հայատյաց բովանդակությամբ տեսանյութերն իրենց էջերում պատրաստակամորեն տեղադրել էին իշխանական երկու մեդիաները՝ TV Imedi-ն և POSTV-ն, երկուսն էլ վերնագրելով՝ «Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության առաջնորդներից մեկը վիրավորական խոսքերով է անդրադարձել Վրաստանում ապրող հայերին»:
Առավել մանրամասն կարդացեք՝
Իշխանական մեդիան հակահայկական բովանդակությամբ տեսանյութեր է տարածել