ԼԳԲՏ անձանց իրավական կարգավիճակը դեռևս լուրջ խնդիր է․ օմբուդսմեն

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

Օմբուսմենի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է այն մարտահրավերների մասին, որոնք օմբուդսմենի գնահատմամբ Վրաստանում առկա են ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության առումով։

Օմբուդսմենը նշել է՝ չնայած գոյություն ունեցող իրավական երաշխիքներին և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ԼԳԲՏ անձանց իրավական կարգավիճակը Վրաստանում դեռևս լուրջ խնդիր է, հատկապես առողջապահական խնամքի, կրթության, աշխատանքի, հավաքների և հանրային տարածքում արտահայտվելու ազատության հասանելիությունը։

Պաշտպանի պնդմամբ՝ վերջին շրջանում հասարակական անձանց կողմից արված վիրավորական և ատելության արտահայտությունները խոչընդոտում են երկրում հավասար միջավայրի ձևավորմանը և խորացնում խտրականությունը։

«ԼԳԲՏ անձանց արտահայտվելու ազատության համատեքստում՝ Վրաստանի դեմ քննվող գործերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է իշխանությունների պարտավորությունը՝ օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, օրինակ՝ հրապարակային հայտարարությունների միջոցով պաշտպանել հանդուրժողական, հաշտարար դիրքորոշում՝ առանց որևէ երկիմաստության։

Իրավիճակը սրում է այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով մշակված պետական ​​քաղաքականության փաստաթղթերում ԼԳԲՏ համայնքն ընդհանրապես հիշատակված չէ»,- նշել է օմբուդսմենը։

Ըստ այդմ, հանրային պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատու գերատեսչություններն արձագանքեն ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման փաստերին:

Ի դեպ, հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է 2004 թվականից մայիսի 17-ից։