Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) հայտարարություն է տարածել հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ չնայած լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (ԼԳԲՏ) արժանապատվության ճանաչման համար պայքարի երկար պատմությանը, հիշյալ համայնքի անդամների անվտանգության և իրավունքների իրական պաշտպանությունը և սոցիալական հոմոֆոբիան դեռևս կարևոր մարտահրավեր են Վրաստանում, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց առօրյայի, հանրային և անձնական կյանքի վրա։
SJC-ն նշել է՝ վերջին 10 տարիներին քաղաքական իրավունքների ճանաչման և պաշտպանության հետ կապված դրամատիկ իրադարձությունները ցույց են տալիս պետության ցուցադրական անտարբերությունը, քաղաքական հոմոֆոբիան և բռնության հանդուրժողականության վատթարագույն փորձը։
«Ակնհայտ է, որ այս քաղաքականությունը խիստ վնասել և շարունակում է վնասել ժողովրդավարական, խաղաղ ու բազմակարծ հասարակության զարգացման հնարավորություններին՝ ստեղծելով մի շարք սոցիալական ճգնաժամեր։ Տարիներ շարունակ կառավարությունը, քաղաքական կուսակցությունները, եկեղեցին և այլ դերակատարներ փորձում են քաղաքականապես գործիքավորել ԼԳԲՏ –ի հարցերը, և հաճախ այս գերիշխող քաղաքականությունը դառնում է ԼԳԲՏ ներկայացուցիչներին կյանքից, արժանապատվությունից և ապագայից զրկելու պատճառ»,- նշված է SJC-ի հայտարարության մեջ:
Ըստ «Սոցիալական արդարության կենտրոնի»՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին պետության կողմից նկատվել են որոշակի դրական փոփոխություններ, որոնք առավելապես կապված են եղել հակախտրական օրենսդրության և իրավահավասարության մեխանիզմների կատարելագործման հետ, այնուամենայնիվ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարի քաղաքականությունը և դպրոցական դասագրքեր գրելու գործընթացում խտրականության վերացման աշխատանքները, իրավահավասարության քաղաքականության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները մնում են անկատար:
Կազմակերպությունը պնդում է՝ հոմոֆոբիայի հաղթահարման քաղաքականությունը խթանելու փոխարեն ղեկավար թիմը վերջերս ակտիվորեն դիմել է հոմոֆոբիայի քաղաքական գործիքավորմանը։ Հայտարարության հեղինակները, մասնավորապես, նշել են, որ եթե նախորդ տարիներին ակնհայտ էր նրանց հավատարմությունը հակաԼԳԲՏ շարժումներին և արմատական բռնի խմբերին, ապա այս տարի իշխանության հստակ պահպանողական շրջադարձի ֆոնին իշխող քաղաքական դասը բացահայտորեն օգտագործում է հոմոֆոբ հռետորաբանություն: