Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղի մոտ Վրաստանի ևս մեկ քաղաքացու են ձերբակալել: Ձերբակալվողը Մեղվրեկիսի գյուղի բնակիչ Արչիլ Բասանիձեն է։
Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հաղորդագրության` ձերբակալման պահին Բասանիձեն եղել է օկուպացիոն գծի մերձակայքում։ Տեղեկությունների համաձայն, Բասանիձեն մայիսի 15-ին օկուպացիոն ուժերի կողմից ձերբակալված Լևան Պետրիաշվիլիի ընկերն է։
Նշվում է, որ, երբ Բասանիձեն իմացել է ընկերոջ ձերբակալության մասին, անցել է օկուպացիոն ցանկապատի վրայով, և այդ պահին էլ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները նրան ձերբակալել են «սահմանը հատելու» մեղադրանքով և տեղափոխել Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի «քննչական մեկուսարան»։ Դեպքի կապակցությամբ ՊԱԾ-ն ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գիծը։
«Ակտիվացված են բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս սեղմ ժամկետում ազատ արձակելու համար:
Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- նշել են ՊԱԾ-ից:
Ուշագրավ է, որ սա Վրաստանի քաղաքացու ձերբակալության երրորդ դեպքն է վերջին երեք օրվա ընթացքում. այս պահին Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի քննչական մեկուսարանում և բանտում Վրաստանի 7 քաղաքացի կա։