Եվրամիության բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոյի խոսքով, Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի վերսկսմամբ:
Ստանոն նշել է՝ ԵՄ-ն և ԵՄ-ի գործընկերները թռիչքներ չեն իրականացնում Ռուսաստանից կամ դեպի Ռուսաստան, ինչը շատ կարևոր է։
«Մենք ցավում ենք Վրաստանի որոշման համար՝ վերսկսել թռիչքները դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ` այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց չեղարկել ուղիղ չվերթերի սահմանափակումները։
Ուկրաինայում անօրինական պատերազմի պատճառով Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ավիացիոն հատվածի նկատմամբ։
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալությունը (ICAO) բարձրաձայնեց իր մտահոգությունները, որոնք փոխանցվեցին Վրաստանի կառավարությանը։ Մտահոգությունը վերաբերում է Ռուսաստանի ավիացիոն հատվածի և ինքնաթիռների անվտանգությանն առնչվող ընդհանուր իրավիճակին»,- ասել է Ստանոն:
Ի դեպ, մայիսի 14-ին քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։