Georgian Airways վրացական ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթերը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն այս առնչությամբ տեղեկություն է տարածել։
Գործակալության տվյալներով՝ ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված թռիչքային հայտի համաձայն, մայիսի 20-ից թռիչքներ կիրականացվեն շաբաթական 7 անգամ։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունն այսօր ավիաընկերությանը թույլ է տվել թռիչքներն իրականացնել։
Նշենք նաև, որ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։