Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահեցրել է, որ Դանիայի Թագավորությունը կլինի Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուժեղ աջակիցը:
Դարչիաշվիլին իր գործընկերոջը տեղեկացրել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման հետ կապված Վրաստանի ձեռնարկած կոնկրետ քայլերի մասին։ Հանդիպմանը շոշափվել է Վրաստանի կողմից Ուկրաինային ցուցաբերված աջակցությունը թե՛ հումանիտար, թե՛ դիվանագիտական տեսանկյունից։
«Կցանկանայի ողջունել Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպանատուն բացելու որոշումը, որը նոր և ուժեղ ազդակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Դարչիաշվիլին։
Դանիայի ԱԳ նախարարը նշել է՝ Դանիան աջակցում է Վրաստանի եվրոպական ձգտումներին, որոնք հիմնված են մարդու իրավունքների, օրենքի գերակայության և անկախ ժողովրդավարական ինստիտուտների վրա։
«Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Դանիան կաջակցի Վրաստանին այդ ճանապարհին։ Օգտվելով առիթից ուզում եմ վստահեցնել, որ իմ երկրի պատասխանը թեկնածուի կարգավիճակին կլինի՝ այո»,- ասել է Ռասմուսենը։
Ի դեպ, Դանիայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռասմուսենին՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը մշտական աջակցության համար։
Դանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։
Այցի շրջանակներում Ռասմուսենն այցելել է նաև օկուպացիոն գիծ և տեղում ծանոթացել առկա իրավիճակին։