Այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, խորհրդարանի մոտ «Չեղարկել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը» կարգախոսով հանրահավաք տեղի կունենա։
Հանրահավաքի կազմակերպիչ «Մայիսյան քաղաքացիական շարժումը» նշում է՝ Վրաստանն իրավունք չունի հարմարվելու Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությանը։
«Վրաստանի տարածքի 20 տոկոսը Ռուսաստանն օկուպացրել է, իսկ սողացող օկուպացիան այսօր էլ շարունակվում է։ Վրացի մարտիկները կռվում են ուկրաինացիների կողքին և իրենց կյանքը զոհում Վրաստանի և Ուկրաինայի ազատության համար։ Ռուսական հրթիռները ոչնչացնում են ուկրաինական քաղաքները՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին… Այս ամենի ֆոնին Վրաստանի կառավարությունը մտադիր է վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները»,- նշված է հանրահավաքի կազմակերպիչների հայտարարության մեջ։
Կազմակերպիչների պնդմամբ՝ քանի որ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ, ներառյալ հաղորդակցության սահմանափակումները, պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ինքնաթիռների ընդունումը Վրաստանում և այդ ընկերությունների հետ համագործակցությունը կհանգեցնի վրացական ավիաընկերությունների, օդանավակայանների և հենց Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:
«Սա նշանակում է, որ դուք այլևս չեք կարողանա թռչել եվրոպական երկրներ, քանի որ վրացական օդանավակայանը նույնպես կենթարկվի պատժամիջոցների, իսկ Վրաստանում գործող ավիաընկերություններն այլևս օդանավերի սարքավորումների պահեստամասեր չեն ստանա։
Մենք իրավունք չունենք ընդունելու Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը: Մենք սովորական քաղաքացիներ ենք, որ ցանկանում ենք՝ մեր երեխաները ապրեն Եվրոպայում, այլ ոչ թե Ռուսաստանում»,- նշել են հանրահավաքի կազմակերպիչները:
Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այն, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ կարծում են, թե Պուտինը նման կերպ «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։
Կարդացեք նաև՝
Պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունները թռիչքներ չեն իրականացնի