Ստորագրահավաք՝ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու պահանջով

Վրաստանում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման, որով 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկվում է, ինչպես նաև վերացվում դեպի Վրաստան ուղիղ չվերթերի արգելքը։

Ստորագրահավաքն ընթանում է manifest.ge կայքում, արդեն ավելի քան 16 հազար ստորագրություն է հավաքվել:

Ստորագրահավաքի կազմակերպիչների խոսքով, Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ողջունում են Ռուսաստանի Դաշնության որոշումը։ Իսկ իրենք՝ Վրաստանի քաղաքացիները, գիտակցում են, որ.

  • Ռուսաստանը օկուպացրել է երկրի 20 տոկոսը, այսօր էլ շարունակում է շողացող օկուպացիան,
  • Ռուսաստանը ագրեսոր պետություն է, որը գրավում ու ավերում է ուկրաինական քաղաքները, սպանում է բնակչությանը,
  • Ռուսաստանի միջազգային մեկուսացումն ավելի է մեծանում։ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալության օրդեր է տվել,
  • Երբ վրաց ժողովուրդը աջակցում է Ուկրաինային, իսկ վրացի զինվորները զոհվում են Ուկրաինայի ազատության համար պայքարում, Վրաստանի կառավարության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը դավաճանական քայլ է՝ ուղղված պետականության դեմ,
  • Ռուսաստանի քաղաքացիների անվերահսկելի հոսքը Վրաստան վտանգի տակ է դնում մեր անվտանգությունը,
  • Ռուսաստանի հետ մերձենալ նշանակում է հեռանալ Եվրամիությունից և քաղաքակիրթ աշխարհից, կորցնել ռազմավարական գործընկերներին, տնտեսապես և քաղաքականապես կախված լնել Ռուսաստանից, հրաժարվել տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և դառնալ Ռուսաստանի մաս։

«Ըստ այդմ՝ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին.

  1. Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վիզային ռեժիմ սահմանել,
  2. հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերսկսումից,
  3. մերժել Ռուսաստանի հետ գաղտնի գործարքները և ձեռնարկել բոլոր միջոցները Եվրամիությանն ինտեգրվելու համար՝ Վրաստանի Սահմանադրությանը համապատասխան»,- նշել են ստորագրահավաքի հեղինակները:

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են այն, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ կարծում են, թե Պուտինը նման կերպ «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի քայլը սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։