Վրաստանի դատախազության տվյալներով՝ անդրազգային հանցագործություն է բացահայտվել: Դատախազությունից հայտնում են, որ բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների խարդախության և ապօրինի եկամուտների օրինականացման փաստեր, որի առթիվ երկու ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարցուվել։
«Հետաքննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները ֆինանսական հաստատությունում գումարներ ներդնելու ժամանակ բարձր տոկոսադրույք ստանալու նպատակով կեղծ գովազդ են տեղադրել համացանցում, իսկ տուժողները՝ ԱՄՆ քաղաքացիները, խաբեությամբ խոշոր չափի գումար են փոխանցել Վրաստանում իրենց հիմնած ընկերության բանկային հաշիվներին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ այս կերպ մեղավորներից մեկը և նրա հետ հանցավոր կապ ունեցող անձինք տիրացել են տուժողներին պատկանող մոտ 1 մլն 820 հազար դոլարին։ Այնուհետև մեղադրյալներից մյուսը՝ օրինական տեսք տալու նպատակով, գումարի մի մասը՝ հորինված նշումներով և կեղծ փաստաթղթերի հիման վրա, փոխանցել է տարբեր երկրներում իր հետ առնչություն ունեցող իրավաբանական անձանց հաշվեհամարներին՝ օրինականացնելով 1 մլն 770 հազար դոլար:
Դատախազությունից հայտնում են, որ անցկացված քննությամբ բացահայտվել է նաև մեկ այլ անդրազգային հանցագործություն: Մասնավորապես, Ֆրանսիայում գործող ձեռնարկություններին պատկանող խոշոր չափի գումար խաբեությամբ ձեռք բերելու համար այլ երկրի քաղաքացին գրանցել է օֆշորային ընկերություն և ձեռնարկատիրական հաշիվներ բացել Վրաստանում գործող բանկային հաստատությունում։
Դատախազության տվյալներով, մեղադրյալն իրենց հաճախորդների անունից տարբեր նպատակներով կեղծ հաղորդագրություններ է ուղարկել Ֆրանսիայում գործող բանկային հաստատություններին՝ Վրաստանում իր կողմից վերահսկվող բանկային հաշիվներին միջոցներ փոխանցելու վերաբերյալ, որով խաբեությամբ ձեռք է բերել 445 հազար եվրո:
Ըստ դատախազության՝ հետագայում, կեղծ ցուցումների և կեղծ փաստաթղթերի հիման վրա, մեղադրյալը ապօրինի ձեռք բերված գումարի մի մասը փոխանցել է տարբեր երկրներում իր հետ առնչվող անձանց բանկային հաշիվներին, ինչով օրինականացրել է 100 հազար եվրո։
Դատախազության փոխանցմամբ՝ մեղադրյալ ֆիզիկական անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մի խմբի կողմից նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտների օրինականացման փաստերով, որը նախատեսում է ազատազրկում՝ 9-ից 12 տարի ժամկետով։
Իրավաբանական անձանց մեղադրանք է առաջադրվել ապօրինի եկամուտների օրինականացման փաստով, որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալու փաստով։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հեռակա կալանավորումը։