Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» է անվանել:
«Եվ այնուամենայնիվ, Զուրաբիշվիլին տարօրինակ քաղաքական գործիչ է: Նա փորձում է ագրեսիվ արձագանք առաջացնել բարի կամքի ժեստին` օդային հաղորդակցությունը վերականգնելու Ռուսաստանի որոշմանը: Դա աբսուրդ է»,- ասել է Կարասինը:
Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում այլ կերպ ընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարության գործողությունները։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։