«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի կողմից թռիչքների վերականգնման առնչությամբ ասել է, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նա նաև նշել է, որ Վրաստանի քաղաքացիները ՌԴ-ից Վրաստան են գալիս այլ երկրի միջոցով, օրինակ` Հայաստանի, ինչը ծախսերն ավելացնում է․
«Մեր դիրքորոշումը պարզ է, ՌԴ-ում կան մինչև մեկ միլիոն Վրաստանի քաղաքացիներ կամ վրացիներ, Վրաստանը լքած մարդիկ, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այսօր այդ մարդիկ պետք է Վրաստան գան այլ երկրների միջոցով, օրինակ՝ Հայաստանով, ինչը ավելացնում է ծախսերը, անհարմարություն է ստեղծում եւ այլն»։
Կոբախիձեն ընդգծել է, որ վրացական կողմը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ․
«Վրացական կողմը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի։ Պատճառն այս դեպքում նույնպես պարզ է` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով մենք փաստացի պատժամիջոցներ կկիրառենք մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ, ինչը, բնականաբար, չենք անի»։
Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթերի արգելքը։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերի արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։