Ուկրաինայի խորհրդարանում իշխող կուսակցության «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 10-ի հրամանագրերին, որոնք նախատեսում են Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնում և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում։
Արախամիան նշել է՝ իրենց այլևս ոչինչ չի զարմացնի:
«Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկու՞մ: Այսօր Ռուսաստանի հետ իրեն հարգող ոչ մի երկիր չի համագործակցում, ամբողջ աշխարհը պատժամիջոցներ է սահմանում, Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տալիս, իսկ Ղարիբաշվիլին առանց վիզայի ռեժիմ է հայտարարում։
Կեցե՜ք․ անհամբեր սպասում եմ լարին ռուբլով փոխարինելու մասին լուրերին»,- գրել է Արախամիան:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Պուտինի որոշումը գնահատել է որպես Ռուսաստանի հերթական սադրանք։
Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։