Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների մի մասը կարծում է՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիաաղորդակցության արգելքի չեղարկումը Վրաստանի հակաարևմտյան քաղաքականության «մրցանակն» է:
Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին անդամ Խատիա Դեկանոիձեի խոսքով, Պուտինի այսօրվա որոշումը «մրցանակ» է Վրաստանի կառավարությանը՝ այն քաղաքականության համար, որ վերջին ամիսներին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, վարում են Բիձինա Իվանիշվիլին, իշխող «Վրացական երազանքը» և վրացական կառավարությունը:
«Սա հակաարևմտյան, հակաուկրաինական քաղաքականություն է, և հենց Պուտինի որոշումը պարգևատրում է Վրաստանի կառավարությանը՝ բառիս բուն իմաստով»,- կարծում է Դեկանոիձեն։
ՄԱՇ անդամ, պատգամավոր Թինաթին Բոկուչավան Պուտինի որոշումը տրամաբանական է համարում.
«Օկուպանտ պետությունը Վրաստանը չի համարում թշնամական պետություն, քանի որ բոլորի համար պարզ է, որ այսօր Վրաստանի կառավարությունում կա ռուսամետ ուժ, և դա հաստատվում է մի շարք փաստերով»:
Ըստ Բոկուչավայի՝ դրա ապացույցը ոչ միայն Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումն է, այլև Վրաստանի կառավարության հակաուկրաինական քաղաքականությունը, հակաարևմտյան ուղերձները և այլն։
««Վրացական երազանքի» հավատարմությունը գնահատվել է Պուտինի ռեժիմի կողմից։ Սա ուղղակի վկայություն է, որ նրանց միջև կապ կա։ Նրանք դա անում են, որպեսզի մեզնից ստանան Եվրասիական միության անդամակցություն՝ Եվրամիության թեկնածուի անդամակցության դիմաց»,- ասել է «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Գիգի Ծերեթելին որոշումը համարում է «լիակատար կեղծավորություն և հիբրիդային պատերազմի մաս»։ Ըստ նրա՝ այս իրավիճակում Ռուսաստանի քայլը կարծես ազդանշան է, որ Վրաստանի հետ ինչ-որ բան բարելավվում է, բայց իրականում, ընդհակառակը՝ ավելի է դժվարացնում Վրաստանի շփումն Արևմուտքի հետ։
Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։