Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 10-ի հրամանագրերը, որոնք նախատեսում են Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնում և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում։
Զախարովան ասել է՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն կհրապարակի թռիչքների վերսկսման մասին հրամանագրի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով, բացի այդ չեղարկվել է ՌԴ ԱԳ նախարարության՝ 2019 թվականի հունիսի 21-ի հանձնարարականը, որով Ռուսաստանն իր քաղաքացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։
«Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք միջազգային ուղևորափոխադրումների համար բաց սահմանային անցակետերով՝ առանց վիզայի ռեժիմի, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում մինչև 90 օր՝ դիվանագիտական, պաշտոնական, մասնավոր, բիզնեսի, զբոսաշրջային, հումանիտար նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ դասընթացների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան հավելել է՝ միևնույն ժամանակ, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր մտադիր են ավելի քան 90 օր սովորել ռուսական կրթական հաստատություններում, աշխատանքային գործունեություն իրականացնել, ժամանակավորապես կամ մշտապես բնակվել Ռուսաստանի Դաշնությունում, պարտավոր են մուտքի արտոնագրերով մուտք գործել և դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից:
«Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ընդունված որոշումները՝ թռիչքների վերսկսման և Վրաստանի քաղաքացիների Ռուսաստան կարճատև ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմի ներդրման վերաբերյալ, համահունչ են մեր սկզբունքային մոտեցմանը` հետևողականորեն պարզեցնելու քաղաքացիների միջև հաղորդակցությունն ու շփումները՝ չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը»,- հավելել է Զախարովան։
Ի դեպ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարություն արդեն հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները Ռուսաստանից Վրաստան։
««Ռուսական ավիաուղիները» շաբաթական 7 ուղիղ չվերթ կիրականացնեն Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ հայրենական արտադրության ինքնաթիռներով»,- հայտնել են տրանսպորտի նախարարությունից։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Պուտինի որոշումը գնահատել է որպես Ռուսաստանի հերթական սադրանք։
Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։