Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) Ծալենջիխայում կուսակցության տարածքային նախագահ Ավթանդիլ Գաբելիան և Խոբիի տարածքային նախագահ Իա Ջիշկարիանին ի նշան բողոքի լքել են իրենց պաշտոնները։ Նրանց խոսքով պատճառը՝ ներկուսակցական ընտրություններն են, որին իրենք հրաժարվում են մասնակցել։
Ավթանդիլ Գաբելիայի խոսքով՝ այսօր, երբ ՄԱՇ-ի հիմնադիր, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առողջական ծանր վիճակում է, ներկուսակցական ընտրությունների և կուսակցության «արհեստական պառակտման» ժամանակը չէ։ Նա նշել է, որ չնայած Ծալենջիխայում կուսակցության նախագահի պաշտոնը լքելուն, կմնա կուսակցությունում։
«Այսօր, երբ երրորդ նախագահը գերության մեջ է, ներկուսակցական այս բախումները բառիս բուն իմաստով ոչնչացնում են կուսակցությունը։ Այսօր ձեռք ձեռքի տված կռվելու փոխարեն այս առճակատումները կործանարար են», — լրագրողների հետ զրույցում ասել է Իա Ջիշկարիանին։
Նշենք, որ մայիսի 9-ին ավարտվում է ՄԱՇ-ի տարածքային ղեկավարների՝ նախագահների ընտրություններում թեկնածուների գրանցումը։ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին ապրիլին հայտարարեց, որ երկրի 73 մունիցիպալիտետներում, քաղաքներում և շրջաններում կուսակցական ընտրողները կընտրեն կուսակցության շրջանային և քաղաքային նախագահներին և քաղխորհրդի անդամներին։