Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 109-րդ ավանդական «Վարդատոնը»:
«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Մարի Առաքելովան, որ նաև «Վարդատոնի» կազմակերպիչներից է, «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ այս տարի ևս նորամուծություններ են սպասվում:
Ըստ Առաքելովայի՝ փոփոխվել է «Վարդատոնի» համերգային բաժնի ժամը. համերգը կանցկացվի ժամը 17:00-ից՝ արդեն ավանդական դարձած Գորգասալի հրապարակում:
«Միջոցառումը կսկսվի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, այնուհետև հյուրերը վարդերով կշարժվեն դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի։
Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի պատարագ, հետո` հոգեհանգստյան արարողություն, ծաղիկներ կխոնարհեն Սայաթ-Նովայի շիրիմին»,- ասաց Առաքելովան և հավելեց՝ քանի որ տարիներ շարունակ հանդիսատեսի և ներկաների համար խնդիր է դարձել օրվա այդ ժամանակհատվածում կիզիչ արևի տակ բացօթյա միջոցառմանը մասնակցելը, այս տարի կփոխվի միայն համերգային միջոցառման ժամը և կկայանա 17:00-ից:
«Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավարը մանրամասնեց՝ համերգային ծրագրին կմասնակցեն Հայաստանի հանրային ռադիոյի աշուղական երգի «Սայաթ-Նովա» պետական վաստակավոր համույթը՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետության պետական համալսարանին կից գործող Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներ, հանդես կգա վրացի կոմպոզիտոր Էլդար Շոշիտաշվիլիի «Քսովրելեբի» ժողգործիքների համույթը, ինչպես նաև այլ կատարողներ ու պարի համույթներ Վրաստանից:
Առաքելովան ընդգծում է՝ «Սայաթ-Նովա» համույթը հանդես կգա նոր երգացանկով՝ սայաթնովյան հայերեն երգերից բացի, կկատարեն նաև վրացական երգեր:
«Վարդատոնը» այս տարի կազմակերպել է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո:
«Միջոցառման տեխնիկական մասը, բեմը և մյուս պարագաները տրամադրում է Թբիլիսիի քաղաքապետարանը»,- ասաց Առաքելովան:
Ի դեպ, «Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։
«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր: