«Հանրապետականները» կոչ են անում եկեղեցին պետությունից տարանջատել

Վրաստանի «Հանրապետական» կուսակցության անդամները երկրի իշխանություններին կոչ են անում վերանայել Վրաց ուղղափառ եկեղեցուն տրվող պետական ֆինանսավորման կարգը:

Այս մասին փետրվարի 15-ին հրավիրած  մամուլի ասուլիսում հայտարարել են «Հանրապետական» կուսակցության առաջնորդներ Թամար Կորձայան և Խաթունա Սամնիձեն: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

« Շեվարդնաձե-Աբաշիձե իշխանության տարիներից սկսած ընդլայնվել է եկեղեցու ֆինանսավորումը»,-ասել է Սամնիձեն՝ մտահոգվելով նաև, թե չի վերահսկվում եկեղեցուն անշարժ և շարժական գույքի փոխանցման գործընթացը:

«Հանրապետական» կուսակցության անդամները կարծում են, որ տարվող քաղաքականության հետևանքով եկեղեցին վերածվել է իշխանության  ինքնավար մասնիկի՝ դառնալով ստեղծված ճգնաժամի պատճառ.  «Այս ծանր պայմաններում հարկավոր է եկեղեցին պետությունից տարանջատել: Դա պետք է առաջին հերթի սկսել եկեղեցու ֆինանսավորման քաղաքականությունը փոխելուց»:

Տեղեկացնենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին (ՎՈՒԵ) տարիներ շարունակ երկրի միակ հոգեւոր միավորումն էր, որը ֆինանսավորում էր  ստանում պետբյուջեից: 2016-ի բյուջեն ՎՈՒԵ-ին հատկացրել է 25 մլն լարի:  Կառավարության որոշմամբ՝ 2014 թվականից պետական ֆինանսական օգնություն են ստանում նաև երկրում գործող կրոնական ավանդական չորս համայնքները  (Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի կաթոլիկները, մահմեդականներն ու հրեաները):

 

Թողնել պատասխան