Ռուսական Russia Today պետական լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությունը և նշել, թե Վրաստանն իրեն խելամիտ է պահում։
«Զարմանալիորեն, Վրաստանն այս իրավիճակում իրեն բացառիկ խելամիտ դրսևորեց։ Կցանկանայի, որ Հայաստանն էլ այդպես վարվեր»,- Սիմոնյանն այսպես է արձագանքել Կալաձեի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու մասին մեկնաբանությանը։
Կալաձեն ասել էր, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցներն ամենևին էլ չէին վնասի Ռուսաստանի տնտեսությանը:
«Ո՞վ մեզ կհամոզի, որ եթե վրացական գինի կամ գյուղմթերք չարտահանենք (Ռուսաստան-խմբ.), վնաս կհասցնենք Ռուսաստանի տնտեսությանը»,- իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Կալաձեն։
Հարկ է նշել, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց և լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Պատերազմի առաջին իսկ օրերին Թբիլիսին հայտարարեց, որ չի միանա միջազգային պատժամիջոցներին։
Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդյունավետ չեն, ինչի պատճառով Վրաստանի կառավարությունը բազմիցս դարձել է արևմտյան գործընկերների քննադատության առարկա։
Օրերս Կալաձեն հայտարարել էր, որ Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ չտվեցին հենց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով։