Ախալքալաքի լողավազանը վերսկսել է իր գործունեությունը մեկ ամիս առաջ։ Լողավազանը չէր գործում 2022 թվականի սեպտեմբերից։
Լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը «Ալիք Մեդիա»-ին հայտնեց, որ Ախալքալաքի լողավազան այցելելու ցանկությամբ արդեն գրանցվել է 140 քաղաքացի․
«Լողավազանը սկսել է աշխատանքն իր սովորական ռիթմով, բավականին մեծ թվով գրանցվածներ արդեն իսկ հաճախում են լողի։ Պրոֆեսիոնալ թրեյներներ նույնպես ունենք, լողավազանում 13 աշխատող կա, նրանց թվում` նաև լողի վարպետներ», — պատմում է Գաբրիելյանը։
Նշենք, որ Ախալքալաքի լողավազանը պետք է բացվեր 2022 թվականի հոկտեմբերին, բայց, ըստ տնօրենի, այդ ընթացքում լողավազանը վերանորոգվել է, և դա է պատճառը որ բացվեց ապրիլի 3-ին։ 2022-ին լողավազանն աշխատել է ընդամենը 5 ամիս, իսկ մինչև այդ փակ է եղել կորոնավիրուսի համաճարակի պատճառով. այդ ընթացքում ևս (2021 թվականին) վերանորոգման աշխատանքը շարունակվել է։
Տնօրենը պարզաբանում է՝ վերանորոգումն իրականացվել է լողավազանի բյուջեի հաշվին։ Սակայն լողավազանում դեռևս խնդիրներ ու վտանգներ են մնացել, դեռ անելիք կա։ Մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունվար ամսին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն քննարկել է լողավազանի տանիքը վերանորոգելու հարցը։
Հատկանշական է, որ լողավազանի տարեկան բյուջեն կազմում է 248 հազար լարի, որը տրամադրում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Լողավազան այցերի սակագինը ներկայացնում ենք ստորև․
- Շաբաթական երկու անգամ լողավազան այցելող մինչև 13 տարեկան քաղաքացիների համար վճարը կազմում է 10 լարի,
- Շաբաթական 3 անգամ լողավազան այցելող մինչև 19 տարեկան քաղաքացիների համար վճարը՝ 20 լարի,
- Շաբաթական երեք անգամ լողավազան այցելող 19-ից բարձր տարիքի քաղաքացիների համար` 40 լարի։