Վրաստանի վարչապետից կարելի է շատ բան սովորել. Օրբանը՝ Ղարիբաշվիլիի մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովի (CPAC) իր ելույթում ասել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից կարելի է շատ բան սովորել:

Նրա խոսքով, Վրաստանի վարչապետի գիտելիքներն իսկապես գնահատելի են։

«Դահլիճում տեսնում եմ որոշ գործընկերների, տեսնում եմ մարդկանց, որոնց առանձնահատուկ գնահատում եմ. ահա Վրաստանի վարչապետը, նրանից շատ բան կարող ենք սովորել, թե ինչպես փոքր երկրին հաջողվեց ապրել Ռուսաստանի ստվերում՝ պահպանելով երկրի սեփական արժեքները»,- ասել է Օրբանը։

Ի դեպ, CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»:

Իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն. փորձագետներ