Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, երեք անձի մեղադրանք է առաջադրվել մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր ապրանքներ պատրաստելու, իրացնելու և սպառողներին խաբելու համար։
Ըստ տվյալների՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Է.Ջ.-ն տարբեր ֆիզիկական անձանցից գնել է մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր հիվանդ ձիու միս, որը մշակել և պահել է Թբիլիսիում՝ իր փաստացի գործունեության վայրում։
Քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալը հետագայում ձիու միս է վաճառել մեղադրյալ Դ.Ս.-ին, ով ձիու մսին տվել է վերամշակված արտադրանքի տեսք և հանձնել մյուս մեղադրյալ Դ.Մ.-ին։ Իսկ վերջինս, ըստ ֆինանսների նախարարության քննչական ծառայության՝ խախտելով օրենքով սահմանված կանոնները, խաբել է սպառողներին և վաճառել Թբիլիսիի առևտրային օբյեկտներից մեկում՝ տավարի մսից պատրաստված արտադրանքի անվան տակ։
Ֆինանսների նախարարությունը նշում է, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առևտրի օբյեկտներից և մեղադրյալների փաստացի գործունեության վայրերից հանվել է իրացման համար նախատեսված մեծ քանակությամբ ձիու միս։
Տեղեկության համաձայն, հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածով և 219-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով։