ՊՆ-ն պարզաբանել է Defender 2023-ին չմասնակցելու պատճառը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմակերպած «Պաշտպան 23» (Defender 2023) զորավարժություններին չմասնակցելու վերաբերյալ։

ՊՆ-ն կարծում է, որ այս թեմայով տեղեկությունը տարածվել է կանխակալ կերպով, ինչը, իրենց գնահատմամբ՝ հերթական սադրանք է ՊՆ-ի նկատմամբ։

Նախարարության պարզաբանմամբ, ելնելով պաշտպանության ուժերի նպատակներից և խնդիրներից՝ որոշվել է ավելի շատ ջանքեր և ռեսուրսներ ուղղել այլ միջազգային և տեղական զորավարժություններին։

Հայտարարության մեջ կարդում ենք, որ այս որոշումը կայացվել է՝ ելնելով Պաշտպանության բանակի նպատակներից և խնդիրներից՝ հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ հաղորդակցությամբ ու նրանց առաջարկությամբ։

Հարկ է նշել, որ Վրաստանը նախորդ տարիներին մասնակցել է Եվրոպայում ԱՄՆ-ի կազմակերպած «Պաշտպան 23» զորավարժություններին։

«Պաշտպան 23»-ը Միացյալ Նահանգների զինված ուժերի, ավելի ստույգ՝ ԱՄՆ բանակի կազմակերպած զորավարժությունն է, որն անցկացվում է ամեն տարի։ Դասընթացը տևում է երկու ամիս՝ ապրիլի 22-ից հունիսի 23-ը։