Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) զեկույցի համաձայն, Վրաստանում կեղծ փողերի շրջանառությունն ավելացել է: ԱԲ-ի տվյալներով՝ աճել է կեղծ լարիի, ինչպես նաև եվրոյի ու դոլարի թղթադրամների շրջանառությունը։
Ըստ տեղեկության՝ կեղծ թղթադրամների մեջ ամենատարածվածը 100 լարիանոցներն են։ 2022 թվականին հայտնաբերված կեղծ փողերի 65 տոկոսը ստացվել է 100 լարիանոց թղթադրամներից, 18 տոկոսը՝ 50 լարիանոցներից, իսկ 4 տոկոսը՝ 20 լարիանոցներից:
2022 թվականին ընդհանուր առմամբ հայտաբերվել է 3 003 միավոր կեղծ լարի,1 620 միավոր դոլարի և 156 միավոր եվրոյի կեղծ թղթադրամներ։ Կեղծ մետաղադրամների թիվը եղել է 378 միավոր։
«2022 թվականին` նախորդ ժամանակաշրջանի (2021 թվականի) համեմատ, լարիի կեղծ թղթադրամների թիվն աճել է 41,4 տոկոսով, կեղծ դոլարի թղթադրամներինը՝ 89,5 տոկոսով, կեղծ եվրոյինը՝ 3,1 անգամ։ 44,6 տոկոսով աճել են նաև այլ կեղծ արժույթներ։ Իսկ ահա լարիի կեղծ մետաղադրամների քանակը 2021 թվականի համեմատ նվազել է 2,7 անգամ»,- նշված է ԱԲ-ի տարեկան հաշվետվության մեջ։