Ներկայացնում ենք «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) «Փաստ-մետր»-ի (FactCheck.ge) վերլուծությունը:
FactCheck.ge-ն հիմնվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներին, գրում է՝ 2022 թվականին Վրաստանի բնակչության թիվն աճել է 47,8 հազարով (1,3 տոկոս) և կազմել 3 մլն 736 հազար 400 մարդ։ Ըստ FactCheck.ge-ի՝ Վրաստանում բնակչության աճը պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների ժամանումով, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։
«Բնակչության փոփոխությունը որոշվում է երկու հիմնական գործոնով՝ բնական աճ (ծնունդների և մահերի տարբերություն) և միգրացիոն հավասարակշռություն (ներգաղթյալների և արտագաղթողների տարբերությունը): 2022 թվականին երկրում բնական աճի տեմպերը եղել են բացասական (-6 799), իսկ միգրացիոն մնացորդը՝ դրական, ինչը հանգեցրել է բնակչության աճի»,- նշված է վերլուծության մեջ:
Վերլուծության համաձայն, 2022 թվականի տվյալներով՝ ներգաղթյալների (երկիր մուտք գործողներ) թիվը 54,5 հազարով գերազանցում է արտագաղթողների (երկրից դուրս եկածների) թիվը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո կտրուկ աճել է Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից դեպի Վրաստան ներգաղթի տեմպերը, ինչը բացատրում է միգրացիոն հաշվեկշռի դրականությունը։ 2022 թվականին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 62,3 հազար, Ուկրաինայի՝ 20,7 հազար և Բելառուսի 13,3 հազար քաղաքացի.
«Եթե դիտարկենք միայն Վրաստանի քաղաքացիներին, ապա միգրացիոն հաշվեկշիռը բացասական է։ 2022 թվականին Վրաստանից 46,4 հազարով ավելի շատ քաղաքացի է լքել երկիրը, քան վերադարձել է, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում: 2013-2022 թվականներին Վրաստանից ընդհանուր առմամբ 213,8 հազարով ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան վերադարձել է»:
Հիշեցնենք, որ միգրացիան երկրի գլխավոր մարտահրավերներից է, որի հիմնական պատճառը բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն է (աղքատություն, գործազրկություն, անբավարար վարձատրություն և այլն)։ 90-ականներից սկսած արտաքին միգրացիոն հաշվեկշիռը (արտագաղթողների և ներգաղթյալների տարբերությունը) ամեն տարի բացասական է եղել։ Այս առումով բացառություն էր 2020 թվականը, երբ արձանագրվել է միգրացիոն դրական մնացորդ, որը պայմանավորված էր համավարակով և սահմանների փակմամբ։ 2022 թվականին գրանցված միգրացիայի դրական հաշվեկշիռը պայմանավորված է Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների հոսքով։ Նույն տարում կտրուկ աճել է Վրաստանի քաղաքացիների արտահոսքը երկրից։