Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մոտ ռուսական ուժերի ներկայացուցիչներն ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։
RadioTavisupleba-ին տեղաբնակները հայտնել են, որ երկու քաղաքացիներն էլ ձերբակալման պահին անասուններ արածեցնելիս են եղել։
«Պետական անվտանգության ծառայությունը նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալով ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող թեժ գիծը։ Միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերները և Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները։
Գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ ապօրինի բերման ենթարկված անձանց հնարավորինս սեղմ ժամկետներում ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն տերությունը», — նշված է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: