Հասարակության մեջ բացակայում է վստահությունը ինչպես իշխող «Վրացական երազանք», այնպես էլ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների նկատմամբ, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում՝ ամփոփելով Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր հետազոտության արդյունքները, ըստ որի՝ մարտյան հարցումների համաձայն, ընդդիմադիր ՄԱՇ-ն ունի 14 տոկոս վստահություն, իշխող թիմը՝ 19 տոկոս, ասում է Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն:
Վասաձեն նշում է՝ ամենևին էլ կարևոր չէ, թե այդ ցուցանիշները որքան են, փաստն այն է, որ վստահությունը քաղաքական դաշտի հանդեպ բավականին ցածր է: Վերլուծաբանի խոսքով, ցավոք, հիշյալ կուսակցությունները չեն էլ մտածում, թե որն է իրենց հանդեպ վստահության անկման պատճառը:
Քաղաքագետ, «Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն»-ի ղեկավար Վաժա Բերիձեն նկատում է՝ վերջին 15 տարիներին, այն, ինչ արվում է հարցումների տեսքով, գրեթե կապ չունի սոցիոլոգիայի հետ: Քաղաքագետը միևնույն ժամանակ չի բացառում, որ հասարակության մեջ էլ ավելի ցածր է ինչպես իշխող ուժի, այնպես էլ ընդդիմության հանդեպ վստահությունը:
«Զարգացած պետություններում սոցիոլոգիան ծառայում է հասարակության կարծիքի արտահայտմանն ու բացահայտմանը, Վրաստանի դեպքում սոցիոլոգիան ծառայում է հասարակական կարծիքի կառավարմանը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նկատում է Բերիձեն:
Ընդգծում է՝ սա, սակայն, չի նշանակում, որ այս հարցման մեջ ամեն ինչ կառավարվում կամ վերահսկվում է: Բերիձեն պնդում է՝ շատ դեպքերում անգամ հարցում անողը չի հասկանում ինչ հարց է տալիս, հետևաբար նաև պատասխանողը չհասկանալով հարցի իմաստը՝ տալիս է վերացական պատասխանը: Այս դեպքում, ըստ քաղաքագետի՝ հարցում անողը պետք է հստակ հարց տա.
«Օրինակ հարցնում են՝ արդյո՞ք ճիշտ ճանապարհով է գնում Վրաստանը, պատասխանում են՝ այո կամ ոչ, շատ դեպքերում չհասկանալով, թե ո՞րն է ճիշտ ճանապարհը, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը․․․»:
Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն էլ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում շեշտում է, որ հիշյալ հարցումը հասարակական կարծիքը մանիպուլացնելու հերթական քայլ է: Վերլուծաբանը պնդում է նաև՝ այս հարցումը սոցիոլոգիայի հետ որևէ կապ չունի:
«Հարցումը ծառայում է հասարակության ընդդիմադիր մասում կրքեր բորբոքելուն և երկրում ինչ-որ կերպ ցույցեր հրահրելուն»,- նշում է Անջափարիձեն:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու ՄԱՇ-ը արձագանքել են IRI-ի նոր հետազոտության արդյունքներին:
Իշխող ուժի անդամ Գիվի Միկանաձեի գնահատմամբ «անհեթեթ թվեր» են, և դրանց վստահելու պատճառ չկա: Նրա խոսքով, ցանկացած մարդ, որ Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացներին չեզոք տեսանկյունից է հետևում, հստակ կհասկանա, որ դրանք կողմնակալ են, սուբյեկտիվ և հիմնազուրկ։ «Վրացական երազանքի» մեկ այլ անդամ՝ Արչիլ Թալակվաձեն էլ ասել է, որ բազմիցս է հայտարարել IRI-ի հետազոտությունների արդյունքների՝ իրականությունից հեռու լինելու մասին:
Հատկանշական է, որ ընդդիմադիր ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին արդյունքները որակել է «Ռուսական երազանքի» (նկատի ունի իշխող կուսակցությանը) պարտություն: