Վրաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն Լեհաստանի դեսպանատանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Պետրե Ցիսկարիշվիլին, «Լելո»-ից՝ Դավիթ Ուսուփաշվիլին և Սալոմե Սամադաշվիլին, «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ից՝ Սերգի Չիխլաձեն, «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան, «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, ինչպես նաև անկախ պատգամավորներ Թեոնա Աքուբարդիան և Թակո Չարկվիանին։
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ հանդիպմանը քննարկվել է Եվրամիության 12 հանձնարարականների և Վրաստանում քաղաքական արդարադատության հարցը՝ ի դեմս Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործերի։
«Մեր խնդիրն է ժողովրդավարական ճանապարհով եվրոպամետ իշխանություն բերել։ Մեզ անհրաժեշտ կլինի Լեհաստանի աջակցությունը, և ես կարող եմ ենթադրել, որ մենք կունենանք այդ աջակցությունը՝ կատարելու մեր պատմական առաքելությունը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը»,- ասել է Բոկերիան։
Սամադաշվիլիի խոսքով, այն, ինչ կարող են անել Լեհաստանը և Արևմուտքում Վրաստանի դաշնակիցները, մոտ ապագայում Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելն է, որպեսզի կառավարությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։