Կալիումի ցիանիդ՝ բարձրաստիճան հոգևորականի համար. Դատախազության պաշտոնական վարկածը

Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, փետրվարի 10-ին վրաց ուղղափառ եկեղեցու ավագ երեց Գիորգի Մամալաձեն ձերբակալվել է: Խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է նատրիումի ցիանիդ թունավոր նյութ: Դատախազության մեղադրանքի համաձայն` նշված թունանյութով հոգեւորականը նպատակ է ունեցել թունավորել բարձրաստիճան հոգևորականի:

Ձերբակալված Գիորգի Մամալաձեն 31 տարեկան է, ծնվել է Քոբուլեթիում, դասավանդել հոգևոր գիմնազիայում: Ավագ երեցի աստիճան է ստացել կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի` Աջարիա այցի ժամանակ, 2010 թվականին, տեղեկացնում է «Netgazeti.ge»-ն: Մամալաձեն Բաթումիում ղեկավարել է Սբ. Բարբարայի եկեղեցին: Նա հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2014 թվականին, երբ վերոնշյալ եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել, որը` «Բաթումելեբի» թերթի փոխանցմամբ իրականացվել է առանց մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության թույլտվության:

«Մեր թույլտվությունը մետրոպոլիտ Դիմիտրիի օրհնությունն է: Եթե Հուշարձանների պաշտպանության թույլտվությունն անհրաժեշտ է, մենք կստանանք այն: Մինչ այս չգիտեինք, որ թույլտվություն է պետք, քանի որ Հուշարձանների պաշտպանության տեղական գերատեսչությունը և քաղաքապետարանը մեզ ասել էին, թե դա մեզ չի վերաբերվում: Թբիլիսիում պատրիարքարանը ծրագրի հաստատումից հետո, այն ուղարկում է Վրաստանի հուշարձանների պաշտպանության գործակալություն: Մինչ այդ, մենք չենք պատրաստվում սկսել աշխատանքները»,- հայտարարել է այդ ժամանակ եկեղեցու առաջնորդը հանդիսացած Մամալաձեն:

Սբ. Տբել Աբուսելիձեի անվար տաճարի առաջնորդ, ավագ երեց Անդրիա Թուրմանիհեն «IPN»-ի հետ զրույցում ասել է, թե 2 տարի առաջ Գիորգի Մամալաձեն Բաթումիից տեղափոխվել է Թբիլիսի: Նա` «Սբ. Իոակիմե և Աննա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել: Բժշկական կենտրոնի 100% սեփականատեր է հանդիսանում Պատրիարքարանը: Մինչ ձերբակալվելը Մամալաձեն Պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության պետի տեղակալն է հանդիսացել: Ծառայությունը ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերի 14-ին: Այդ ժամանակ Մամալաձեն նշանակվել է վերոնշյալ ծառայության պետի պաշտոնում, սակայն ավելի ուշ` ազատվել է պաշտոնից և նշանակվել պետի տեղակալ:

Հանրային ռեեստրի տվյալներով, որը վերջին անգամ թարմացվել է 2014 թվականին, Գիորգի Մամալաձեն նաև հանդիսացել է Չաքվիի Սբ. Բարեհավատ Դավիթ թագավորի անվան դպրոցի տնօրեն: Այս դպրոցի սեփականատերը նույնպես հանդիսանում է Պատրիարքարանը: Մամալաձեն նաև զբաղվել է արտադրական գործունեությամբ: Նա «Դիմօիլ» ՍՊԸ-ի 50%-ի սեփականատերն է: «Դիմօիլ»-ի գործունեության առարկան հանրային ռեեստրի համաձայն` հանդիսանում է նավթամթերքների ներկրումը և վաճառքը, ավտոլցակայանների կազմակերպում, հյուրանոցային և ռեստորանային բիզնես: Բացի դրանից, Մամալաձեն նաեւ տիրապետում է «Կարո օպտիմուս», «Տորոքսի» և «Սուերտես» ՍՊԸ-ների 25-25%-ը:

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարության համաձայն` Գիորգի Մամալաձեն սույն թվականի փետրվարի 10-ին ձերբակալվել է սպանության նախապատրաստելու մեղադրանքով: Դատախազության տեղեկատվության համահայն` Մամալաձեն նատրիումի ցիանիդ է ձեռք բերել, որով փորձել է «կյանքից զրկել բարձաստիճան հոգևորականի»: Իրակլի Շոթաձեն չի հստակեցրել, թե որ բարձրաստիճան հոգևորականի մասին է խոսքը, միևնույն ժամանակ նշել է, որ Գիորգի Մամալաձեին անհրաժեշտ է եղել նատրիումի ցիանիդը տեղափոխել Գերմանիա, որտեղ բուժվում է համայն վրաց պատրիարք Իլիա 2-րդը: Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է նաև, որ հետախուզման ժամանակ Մամալաձեի բնակարանում հայտնաբերվել է հրազեն և 6 փամփուշտ: Գիորգի Մամալաձեն չի ընդունել իր դեմ առաջադրված մեղադրանքները:

 

 

 

Թողնել պատասխան