Բաթումիի քաղաքային դատարանն անօրինական է ճանաչել Աջարիայի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի տնօրենի՝ 2020 թվականի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի՝ լրագրող Մալխազ Ռեխվիաշվիլին աշխատանքից ազատվել է:
Ռեխվիաշվիլին հեռացվել էր Աջարիայի հեռուստատեսությունից 2020 թվականին՝ Facebook-ում հրապարակած գրառման պատճառով, որով նա աջակցում էր լրագրող Թեոնա Թուրմանիձեին։
Բաթումիի քաղաքային դատարանի որոշմամբ, որպես փոխհատուցում` Աջարիայի հեռուստատեսությունը Ռեխվիաշվիլիին պետք է վճարի 5 հազար լարի։ Իսկ ահա աշխատանքի վերականգնման պահանջը դատավորը չի բավարարել։
Ի դեպ, Աջարիայի հեռուստաընկերությունում լրագրողների հետապնդումն ու աշխատանքից հեռացումը սկսվել է այն բանից հետո, երբ հեռուստաընկերության տնօրեն Նաթիա Կապանաձեն պաշտոնանկ արվեց իմփիչմենթի միջոցով։ 2020 թվականից սկսած` հայցերի մի զգալի մասը մինչ այժմ չի քննվել: