Ապրիլի 15-ին սկսված զինված հակամարտության ժամանակ Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող Վրաստանի քաղաքացիներից մի քանիսը վերադարձել են Թբիլիսի։
Վրաստանի բոլոր քաղաքացիները տարհանվել են Սուդանից, թեև այս փուլում հայրենիք են վերադարձել միայն վրացական GeoSky ավիաընկերության աշխատակիցները։
Ապրիլի 15-ին, երբ Սուդանում սկսվեց զինված հակամարտությունը, ավիաընկերությունների՝ Geo Sky-ի և Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ի 33 աշխատակիցներ գործուղվել էին Սուդանի մայրաքաղաք Խարթում։ Ավելի ուշ նրանց Խարթումից տեղափոխել են մեկ այլ՝ համեմատաբար անվտանգ տարածք։
Հարկ է նշել, որ աշխարհի մի շարք երկրներ օրեր առաջ սկսեցին իրենց քաղաքացիների տարհանումը Սուդանից՝ այն բանից հետո, երբ հակամարտող կողմերը հայտարարեցին ժամանակավոր զինադադարի մասին։
Իշխանության համար զինված պայքար է ընթանում Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժեր» կոչվող կիսառազմական խմբի միջև, որը ղեկավարում են նախկին համախոհները: Սուդանի ինքնիշխան անցումային խորհրդի ղեկավար, գեներալ Ալ Բուրհանը բանակի ղեկավարն է, իսկ գեներալ Դագալոն՝ արագ արձագանքման ուժերի։ Զինված հակամարտության ընթացքում արդեն ավելի քան 400 մարդ է զոհվել։
Խոր տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Սուդանում 2019 թվականին տապալվեց ավտորիտար նախագահ Օմար ալ Բաշիրը, որը երկիրը ղեկավարում էր տասնամյակներ շարունակ։ Նրա դեմ սկսված զանգվածային բողոքի ցույցերն աջակցում էին զինվորականները։ Ալ Բաշիրի տապալումից հետո զինվորականները և քաղաքացիական խմբերը պայմանավորվեցին ձևավորել անցումային կառավարություն, սակայն 2021 թվականին գեներալ ալ Բուրհանն իշխանությունը վերցրեց հեղաշրջման միջոցով։ Նրա դեմ ընդվզել է «Արագ արձագանքման ուժերի» առաջնորդ գեներալ Դագալոն, որը խոստանում է Սուդանը տանել դեպի ժողովրդավարություն։