«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան արտակարգ մամուլի ասուլիս է հրավիրել՝ տեղեկացնելով կիրակի օրը նախատեսված հանրահավաքի մասին:
«Կիրակի օրը, ժամը 14:30-ին հավաքվելու ենք խորհրդարանի նախկին շենքի առջև՝ պահանջելու հարգել մեր իրավունքները: Մենք անհամեմատ շատ ենք լինելու, ներկա են լինելու բոլոր աշխատակիցները ընտանիքի անդամների հետ»,-ասել է Գվարամիան՝ կոչ անելով երկրի քաղաքական ուժերին, ազատ խոսքը արժեվորող բոլոր քաղաքացիներին մասնակցել ցույցին:
Նա ասել է, որ եթե նույնիսկ իշխանությունները թույլ չտան իրեն մասնակցել այդ ակցիային, միևնույնն է բազմաթիվ մարդիկ են ներկա գտնվելու: Անդրադառնալով ամիսներ առաջ համացանցում հայտնված Թբիլիիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի հետ ունեցած իր զրույցի ձայնագրությանը, Գվարամիան պարզաբանել է. «ձայնագրությունն արվել է իմ կողմից: Զրույցին մասնակցում են ոչ թե 2, այլ 3 մարդ: Գումարի հարցով ես խոսում եմ ոչ թե Մամուկա Ախվլեդիանիի, այլ զրույցի 3-րդ մասնակցի հետ: Խոսքը գնում էր Ռուսթավի 2-ի ունեցած պարտքերի մասին»:
Նա ասել է նաև, որ ձայնագրությունը կատարվել է «սադրանքներից զերծ մնալու» համար, անհրաժեշտության դեպքում դատախազությանը ներկայացնելու նպատակով:
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին գործի առնչությամբ Նիկա Գվարամիան ՆԳՆ հարցաքննության էր կանչվել: