Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը հայտարարել է, որ վրացական «տրոլները» գերազանցում են նույնիսկ ռուսական «տրոլներին»։
Ֆոն Կրամոնն այսպես է արձագանքել Դիտո Չուբինիձեի այն պնդմանը, թե ֆոն Կրամոնը նացիստական Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյա Հերման Գերինգի ժառանգն է և այն տեսանյութին, որտեղ ֆոն Կրամոնը կարծես հարբած է։
Ֆոն Կրամոնն ընդգծել է, որ այդ կեղծ տեղեկությունը «հիմնականում» տարածում են իշխող կուսակցության կողմնակիցները, և որ ինքը կասկածում է, որ կեղծիքները, թերևս, տարածվում են իշխող թիմի պատվերով։
Ֆոն Կրամոնը նաև վրացերեն ենթավերնագրով տեսաուղերձ է ձայնագրել այդ «ֆեյքերի» վերաբերյալ։ Եվրոպացի պատգամավորն ասել է, որ իր օրիորդական ազգանունը Գերինգ է, և նացիստական բարձրաստիճան պաշտոնյայի (Գյորինգ) անունը կարելի է նույնացնել իր ազգանվան հետ միայն այն դեպքում, եթե օգտագործվի երկուսի ռուսերեն թարգմանությունը։ Ֆոն Կրամոնն ընդգծել է, որ ինքը Գերինգի հետ որևէ կապ չունի։
Ըստ ֆոն Կրամոնի՝ երկրորդ տեսահոլովակը, որում ինքը կարծես թե հարբած է, ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։
«Կարծում եմ, շինծու տեսանյութեր տարածելու փոխարեն` ավելի լավ է բաց քաղաքական քննարկումներ անցկացնել»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով ապատեղեկատվությունը բացահայտող փաստահավաք խմբին։