Թբիլիսիում հարձակվել են ապրիլքսանչորսյան երթի մասնակցի վրա․ գործ է հարուցվել

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին վիրավորել են, նրանցից մեկի դեմ հարձակվել՝ փորձելով խեղդամահ անել, տեղեկացնում է «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը։

«Ապրիլքսանչորսյան խաղաղ ցույցից անմիջապես հետո ավտոբուսի կանգառում տարիքով մի կին (նրա ինքնությունը պարզ է․ ներկաները լուսանկարել են) վիրավորել է երթի մասնակիցներին, այնուհետև հարձակվել է նրանցից մեկի՝ երեսին Հայաստանի դրոշը պատկերված աղջկա վրա, սեղմելով կոկորդը, փորձել է խեղդամահ անել», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը։

ՀԿ-ի նախագահը նշել է, որ դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, տուժած երիտասարդի շահերը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել հայ համայնքային գործիչ, փաստաբան Արթուր Մուրադյանը։

«Գործը հարուցվել է, սպասում ենք, որ մեղավորը՝ անկախ իր տարիքից, կպատժվի, և դա դաս կլինի մյուսների համար։ Մենք բոլորս կանգնած ենք աղջկա կողքին, մեր ամուր աջակցությունն ենք հայտնում նրան»։

Ի դեպ, այս տարի սա երկրորդ հարձակումն է հայ համայնքի ներկայացուցիչների վրա։ Ապրիլի 24-ի նախօրեին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Հայոց ցեղասպանության թբիլիսյան ակցիաները կազմակերպող «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ի  նախագահ Արթուր Միրզոյանին։

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված բողոքի խաղաղ ցույցն այստեղ՝
https://www.aliq.ge/aprili-24-eh-ardaruthyan-pahanji-or-e-yerth-depi-thurkhiayi-despanatun/