Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կառավարությունն առաջիկայում խորհրդարանին կներկայացնի օրենքի նախագիծ, որը կկարգավորի փոխպատվաստման ծառայության օրենսդրությունը՝ օրգանների հյուսվածքների և բջիջների փոխպատվաստման ուղղությամբ։
Գաբունիայի հավաստմամբ` նոր օրենքի նախագիծը պատրաստվել է եվրոպական չափանիշներին համապատասխան և մոտ ապագայում կներկայացվի Վրաստանի խորհրդարանի քննարկմանը։
«Գործող օրենսդրությունը մշակվել է 2000 թվականին: Երկրում տարեկան կատարվում է մոտ 30 փոխպատվաստում, մինչդեռ եվրոպական երկրներում 1 մլն բնակչի հաշվով մոտ 80 փոխպատվաստում է կատարվում՝ հնարավորություն ստեղծելով ավելի շատ կյանքեր փրկելու։
Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ նոր օրենսդրական դաշտը մեզ համար ստեղծում է կատարյալ համակարգ՝ կառավարելու համար դոնորների գրանցումը, օրգանների ստուգումը, ժամանակին արձագանքելը, որակի ապահովումը, լիցենզավորումն ինչպես դոնորական հաստատության, այնպես էլ այն հաստատության, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը»,- ասել է Գաբունիան։