Ճանաչում և հատուցում պահանջող կոչերի, հայրենասիրական երգերի ներքո Թբիլիսիի հայ համայնքը Ֆիլհարմոնիայի շենքից շարժվեց դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն։ Այսօր` ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա առթիվ Թբիլիսիում կայացավ բազմամարդ երթ։
Երթի կազմակերպիչներից և մասնակիցներից ոմանք կոչերով դիմեցին հանրությանը։ Ելույթ ունեցավ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձինք նրան ծեծի էին ենթարկել.
«Մենք ապացուցեցինք, որ հայի ոգին անկոտրում է, ապացուցեցինք, որ մեզ պետք է հարգեն և մեզ հետ հաշվի նստեն, ոչ ոք իրավունք չունի մեզ արգելելու կամ խանգարելու, որ իրականացնենք այս տիպի միջոցառումներ», — նշեց Միրզոյանը և վրացերեն դիմեց ներկա ոստիկաններին․ «Ես` որպես Վրաստանի քաղաքացի, որքանո՞վ եմ պաշտպանված, որքանո՞վ վստահ լինեմ, որ ինձ վրա կրկին չեն հարձակվի, չեն հարձակվի կնոջս վրա կամ երեխայիս հետ զբոսնելիս` մեզ վտանգ չի սպառնա»։
Երթին մասնակցեց և հանրությանը խոսքով դիմեց Տեր Կիրակոս քահանան․
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մեզ համախմբեցին մեր պահանջն ու մեր կորուստները։ Բոլորս տարբեր ակնկալիքներ ունենք` միանալով այս երթին, բայց ես ուզում եմ նշել, որ այսօր նույնպես հայ ժողովուրդը կանգնած է ցեղասպանության շեմին, և դա կշարունակվի, քանի դեռ չենք գիտակցում մեր անելիքը։ Ուստի, հիշելով 108 տարի առաջվա ցեղասպանությունը, եկեք կանխենք, արգելենք հիմա ընթացող ցեղասպանությունը»։
Ելույթ ունեցան նաև «Րաֆֆի» ուսանողական միության անդամներ, Վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։