ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարները Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների հանդիպումից առաջ պատասխանել են Վրաստանին առնչվող հարցերին։
Խոսելով Վրաստանի հետագա եվրաինտեգրման մասին, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ասել է, որ «գնդակը Վրաստանի դաշտում է, և մինչ այս պահը խաղ չի եղել»:
Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տաիանը նշել է.
«Ես երկու օր առաջ Հռոմում հանդիպել եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Վրաստանը էական դեր ունի կայունության հարցում, մենք աջակցում ենք Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը և նրա թեկնածուի կարգավիճակին»:
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու խոսքով` «Վրաստանը տնային շատ աշխատանք ունի կատարելու»։
«Վրաստանին եվրոպական ուղի եմ մաղթում և կցանկանայի, որ ամբողջ հասարակությունը կարողանա մասնակցել դրան։ Սա կլինի այն գլխավոր ուղերձը, որն այսօր կփոխանցեմ Վրաստանի արտաքին գործերի նախարարին»,- ասել է Չեխիայի արտգործնախարարը:
Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, որը վարում է արտգործնախարարների հանդիպումը, ասել է, որ Վրաստանն առանցքային կարևորության երկիր է, որն ունի անվտանգության հատուկ մարտահրավերներ, քանի որ նրա տարածքը մասամբ օկուպացրել է Ռուսաստանը։
Ի դեպ, Լյուքսեմբուրգում ներկայումս անցկացվող Եվրամիության արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ աշխատանքային ընթրիք կանցկացվի։