Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները կխորացնեն համագործակցությունը, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, պաշտպանության ոլորտում համագործակցության մասին նորացված համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում։

«Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալվել է ադրբեջանցի գործընկերոջը։ Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին ջերմ հյուրընկալության համար և ընդգծել ռազմավարական գործընկեր ու բարեկամ երկրի հետ ժողովուրդների սերտ կապերն ու բարիդրացիական հարաբերությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին։ Ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի երկկողմ այցերի դինամիկայի վրա, ինչը հաստատում է կապերի հետագա ամրապնդման պատրաստակամությունը՝ ի շահ երկրների ու տարածաշրջանի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերն ու ապագա անելիքները, այդ թվում՝ մասնակցությունը միջազգային դասընթացներին և ռազմակրթական ծրագրերին։ Զրույցի ընթացքում շոշափվել են Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափով համագործակցության հարցեր։

Նշվել է, որ ռազմավարական մակարդակի հանդիպումները, պաշտպանության ոլորտում համագործակցությունը, համատեղ վարժանքներն ու փորձագետների հանդիպումներն էլ ավելի են ամրապնդում երկրների փոխգործունակությունը։

Հանդիպման ավարտին Բուրճուլաձեն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը։