Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) տվյալներով՝ Սուդանում մնացած Վրաստանի քաղաքացիներին հնարավոր չէ տարհանել։
Ըստ ԱԳՆ-ի՝ Սուդանում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գերատեսչությունը մշտական կապի մեջ է Սուդանում գտնվող վրացիների հետ:
«ԱԳՆ-ն, տարբեր դերակատարների հետ միասին, դեռ ակտիվորեն աշխատում է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման ուղղությամբ, սակայն իրավիճակը չափազանց բարդ է, և անկանխատեսելի, բախումները շարունակվում են։ Հետևաբար, Վրաստանի քաղաքացիների տարհանման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ ներկայումս Սուդանում մոտ 30 քաղաքացի կա։
Ի դեպ, ապրիլի 16-ի գիշերը Սուդանում առճակատում է սկսվել «Արագ արձագանքման ուժեր» պարագլխային խմբավորման և երկրի կանոնավոր բանակի միջև։ Սուդանի բանակը օդային հարվածներ է հասցրել մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Օմդուրմանի «Արագ արձագանքման ուժերի» հենակետերին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Սուդանում բախումների ժամանակ զոհվածների թիվը հասել է 270-ի, իսկ վիրավորներինը՝ 2 600-ի։