Այսօր՝ ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ` վիրահայերն անցկացրեցին ավանդական դարձած ջահերով երթը։
«Այսօրվա երթը շատ ոգևորիչ էր, իսկապես մարդաշատ երթ էր, կոչ եմ անում ողջ հայությանը վաղը նույնպես մեկ մարդու նման ժամը 13։00-ին հավաքվել Ֆիլարմոնիայի շենքի մոտ և շարժվել դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Սա ոչ թե մեկի անձնական հարցն է, այլ Թբիլիսիի և Վրաստանի ողջ հայության արժանապատվության հարցը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ջահերով երթը ամփոփում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը։
Միրզոյանն ընդգծում է՝ երթը խաղաղ անցավ, առանց միջադեպերի, իրավապահ մարմինները չխոչընդոտեցին ջահերով երթի անցկացմանը, այլև ապահովեցին մեր բոլորիս անվտանգությունը։
Ջահերթի մասնակիցները մեծ ոգևորությամբ էին քայլում դեպի նպատակակետ, որոշները ջահեր էին պարզել, որոշները դրոշներ և պաստառներ։ «Ջահակիր» աղջիկներից մեկը՝ Հասմիկ Մուրադյանն էր, ով եկել էր իր կոչը փոխանցելու իր հայրենակիցներին և բողոքը՝ աշխարհին․
«Կոչ եմ անում վիրհայությանը դուրս գալ, միավորվել, դառնալ մեկ բռունցք և պայքարել հանուն արդարության։ Շատ կարևոր է մասնակցել նման միջացառումների, որպեսզի լսելի դարձնենք հայ ժողովրդի բողոքը։ Քանի որ հայ ենք, պետք է իրար կողքի լինենք և աջակցենք մեկս մեկու, այստեղ գտնվող յուրաքանչյուր հայ նաև Վրաստանի քաղաքացի է, և սա մեր իրավունքն ու պարտքն է, խոսել ցեղասպանության մասին և պահանջել հատուցում», — ասում է Մուրադյանը։
Երթի մեկ այլ մասնակից Գրիգոր Սուքիասյանը Թբիլիսիից է. ասում է` ամեն տարի մասնակցում է ջահերով երթին, և դա իր պարտքն է համարում․ «Այնուամենայնիվ երազում եմ, որ էլ այս երթն անցկացնելու կարիք չլինի, չնայած հանրավոր չէ 2 մլն-ից ավել անմեղ կյանքերի գինը փոխհատուցել, բայց գոնե մեղավորները պատժվեն, և մեր կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը, որպեսզի երբ ամերիկահայն ասի իմ երկիրը ճանաչում է Մեծ Եղեռնը, վիրահայն էլ ունենա պարծենալու տեղ»։
Նշենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին, ժամը 13։00-ին կմեկնարկի երթ դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։